Կայքի հին տարբերակը
Նախագահ

Վալերի Ջանիբեկի Մեջլումյանը ծնվել է 02.04.1951 թվականին, Թումանյանի շրջանի Ալավերդի քաղաքում:

Կրթությունը

1981-1984 թթ. սովորել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում:
1969-1974 թթ. սովորել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում (մասնագիտությունը՝ «Հեղուկների, գազերի և պլազմայի մեխանիկա»):
1969 թվականին գերազանցության ոսկե մեդալով ավարտել է Ալավերդու Ս. Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է. (պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Գերձայնային արագությամբ շարժվող, դեֆորմացվող մարմինների բախման առաջին փուլի հաշվարկ» թեմայով):

Աշխատանքային գործունեությունը
1987-1988 թթ. եղել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանին կից՝ մեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, զբաղվել է հանքանյութային հիմքի վրա նոր պոլիմերային նյութի մշակման և կիրառության խնդիրներով:
1984-1987 թթ. աշխատել է Մոսկվայի Բժշկակենսաբանական հիմնախնդիրների ինստիտուտում որպես գիտաշխատող, զբաղվել է «Միր» ուղեծրային տիեզերական կայանի բժշկական ապահովման խնդիրներով:
1983-1987 թթ. աշխատել է Մոսկվայի մեքենաշինական ինստիտուտում որպես մաթեմատիկայի դասախոս:
1977-1981 թթ. աշխատել է Մոսկվայի Էլեկտրաջերմային սարքավորանքի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ ճարտարագետ, զբաղվել է գունավոր մետաղների և դրանց համաձուլվածքների հալման տեխնոլոգիաների և սարքավորանքի մշակմամբ:

Ձեռնարկատիրական գործունեությունը
1992-2005 թթ. եղել է «Վալլեքս Էֆ. Էմ. Էստ.» ՍՊ ընկերության նախագահը (ՌԴ, ք. Մոսկվա). գործունեության ոլորտները՝ առևտուր, անշարժ գույքի հետ կապված գործառնու­թյուններ, ատամնաբուժական կլինիկա:
1991 թվականից «Վալլեքս Էֆ Էմ Իսթեբլիշմենթ» ընկերության տնօրենն է (Լիխտենշտեյնի Իշխանություն, ք. Վադուց). գործունեության ոլորտները՝ ապրանքների, այդ թվում՝ մետաղների միջազգային առևտուր, ֆինանսական գործառնություններ:
1989-1996 թթ. ընթացքում հիմնադրել և ղեկավարել է «Արմատ», «Կերամո» և «Մասարմատ» ընկերությունները (ՌԴ, ք. Մոսկվա). գործունեության ոլորտները՝ համակարգչային տեխնիկայի, ծրագրային ապահովման, հաղորդակցության միջոցների առևտուր, շինարարություն, աղյուսի արտադրություն:

Գործունեությունը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում
2012 թվականին հիմնադրվել է «Վալլեքս Գարդն Հոթել» ՓԲ ընկերությունը, որը շահա­գոր­ծում է ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից կառուցված միջազգային կարգի «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային մարզաառողջարանային համա­լիրը: Համալիրի կառուցման ուղղությամբ իրականացվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար ծավալով ներդրում, այն աշխատանքով է ապահովում շուրջ 100 մարդու:

2006 թվականին հիմնադրվել է «Թեղուտ» ՓԲ ընկերությունը, որը շարունակել է դեռևս «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության կողմից սկսված Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրակա­նա­ցումը: Ընկերությունն այսօր ունի շուրջ 1300 աշխատող, Թեղուտի լեռնահարստա­ցուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի ուղղու­թյամբ իրականացրել է շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումներ, իսկ արտադրանքի թողարկումից հետո կապահովի շուրջ 200 մլն ԱՄՆ դոլար ծավալով տարեկան ապրանքաշրջա­նա­ռություն: Այդ ծրագիրը կարող է էապես փոխել Լոռու մարզի տնտեսական պատկերը և նախադրյալներ ստեղծել տնտեսական աճի համար նաև այլ ոլորտներում:

2002 թվականին Արցախում հիմնադրվել է «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությունը, որը կառուցել և ներկայումս շահագործում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Դրմբոնի լեռնա­հարստա­ցուցիչ համալիրը: «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությունն իր հիմնադրման օրվանից եղել է Արցախի խոշորագույն հարկատուն՝ առանձին տարիների ապահովելով պետական բյուջեի հարկային մուտքերի մինչև 35 տոկոսը, աշխատատեղ ապահովելով շուրջ 1200 մարդու համար:
Շարունակական ներդրումներ անելով երկրաբանահետախուզական աշխատանքներում՝ «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությանը 2012 թվականին հաջողվել է ամբողջականացնել և շահագործ­ման համար բավարար մակարդակի հասցնել Կաշենի պղինձ-մոլիբդենային հանքավայրի պաշարների մասին տեղեկատվությունը: Ընկերությունն այսօր իրականացնում է Կաշենի հան­քա­վայրի հիմքի վրա ժամանակակից լեռնահանքային համալիրի կառուցման նոր ներդրումային ծրագիր, որը կոչված է ապահովելու Արցախի տնտեսության զարգացման հեռանկարը:
1997 թվականից Վ. Մեջլումյանը գործունեություն է ծավալել Հայաստանում, հիմնադրել է մի շարք առևտրային կազմակերպություններ, այդ թվում՝ 1997 թվականին հիմնադրվել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» (անվանափոխված «Մանես և Վալլեքս») ՓԲ ընկերությունը, որի շրջանակներում՝ Ալավերդու լեռնամետալուրգիական կոմ­բի­նատի որոշ արտադրական հզորությունների հենքի վրա ձևավորված Ալավերդու պղնձաձու­լական գործարանում 1997 թվականից վերսկսվել է անզուտ պղնձի արտադրությունը:
Վերջին տարիներին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունն ապահովել է ՀՀ Լոռու մարզի ապրանքաշրջանառության շուրջ 60 տոկոսը, աշխատատեղ ստեղծելով շուրջ 700 մարդու համար:

Պարգևները

ՀՀ տնտեսության զարգացման գործում մատուցած ակնառու ծառայությունների և ներդրած անձնական ծանրակշիռ ավանդի համար Վալերի Մեջլումյանը 2014թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով:
Ի բարօրություն ԼՂՀ-ում իրականացվող բարեգործական գործունեության համար Վալերի Մեջլումյանը 2014թ. պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Հայրենաշինական և եկեղեցաշինական գործունեության համար Վալերի Մեջլումյանին 2001 թվականին շնորհվել է Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը:

Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի երկու որդի: