«Վալլեքս» խմբի ընկերությունները պարզաբանում են (09.02.2012)


«Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն 08.02.2012 թ. խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ, ըստ իրեն հասած լուրերի, Թեղուտից ոչ հեռու գտնվող Կարմիր գեղ կոչվող հանդամասում հանքավայրի որոնողական աշխատանքներ են կատարվել: Այդուհետ պատգամավորը հարցրել է ՀՀ բնապահապանության նախարարին այդ աշխատանքները «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից իրականացվելու մասին: Ցավոք՝ դա բավարար հիմք համարվեց որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ««Վալեքսը» նոր հանքատարածքի ախորժակ ունի՞» և այս կարգի այլ վերնագրերով մի շարք հրապարակումների համար: Զերծ մնալով այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական պատրաստվածության և լրագրողական էթիկայի մասին պատկերացումների որևէ գնահատականից՝ սույնով հայտնում ենք.
«Վալլեքս» խմբի ընկերությունները որևէ առնչություն չունեն Կարմիր գեղ կոչվող հանդամասում իրականացվող աշխատանքների հետ: Իրեն «հայտնի դարձած» անհիմն լուրերը ԱԺ բարձր ամբիոնից հարցի ձևով հնչեցնելով՝ Աժ պատգամավորը որոշ «հմուտ» լրագրողների միջոցով թյուրիմացության մեջ է գցել հասարակության որոշ հատվածի: Այդ երևույթից Ստյոպա Սաֆարյանը կարող էր խուսափել, եթե հարցմամբ դիմեր «Վալլեքս» խմբի ընկերությունների համապատասխան ծառայությանը, որը մշտապես օպերատիվորեն արձագանքում է այդպիսի հարցումներին: Մենք նաև մեր տարակուսանքն ենք հայտնում պատգամավորի աշխատանքի կառուցողականության և արդյունավետության առնչությամբ, եթե նրա գործելաոճը ենթադրում է «հայտնի դարձած» յուրաքանչյուր «պտտվող լուր»-ի ճշտման համար ԱԺ ամբիոնի օգտագործում:


 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC