Պարզաբանումներ 16.04.2012 թ. միջադեպի վերաբերյալ (19.04.2012)

Հաշվի առնելով 2012 թ. ապրիլի 16-ի երեկոյան կենցաղային հողի վրա «Թեղուտ» ՓԲԸ տարածքից դուրս տեղի ունեցած անցանկալի միջադեպի որոշ հանգամանքների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներում տեղ գտած անճշտությունները՝ լրացուցիչ հայտնում ենք.

 

1. Միջադեպին ներգրավված անձանց՝ «Թեղուտ» ՓԲ ընկերությունում աշխատանքը շարունակելու առնչությամբ.

Ցանկացած աշխատակցի աշխատանքից ազատելու հարցը կարող է լուծվել միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգով, որով սահմանված են համապատասխան հիմքերն ու ընթացակարգերը: «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը ներկայումս չունի միջադեպի հետ առնչվող իր աշխատակիցներին աշխատանքից ազատելու իրավական հիմքեր: Սակայն, հաշվի առնելով միջադեպի զուտ փաստը, որոշում է կայացվել համապատասխան աշխատակիցներին իրենց զբաղեցրած պաշտոններից ժամանակավորա¬պես՝ մինչև իրավապահ մարմինների կողմից միջադեպի հանգամանքների պարզաբանման հետ կապված դատավարական գործողությունների ավարտը, հեռացման մասին:

 

2. Միջադեպին ներգրավված անձանց՝ ոգելից խմիչքների ազդեցության տակ լինելու առնչությամբ.

Ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների՝ միջադեպի հետ առնչություն ունեցող աշխատակիցներից վերցվել են արյան համապատասխան փորձանմուշներ, որոնց լաբորատոր հետազոտության արդյունքում հաստատվել է, որ նրանք միջադեպի ժամանակ ոգելից խմիչքների կամ որևէ այլ հոգեմետ նյութի ազդեցության տակ չեն եղել:

 

3. Սամվել Դավթյանի՝ փախուստի մեջ լինելու առնչությամբ.

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության աշխատակից Սամվել Դավթյանը չի խուսափել իրավապահ մարմիններից, միջադեպից անմիջապես հետո ներկայացել է ոստիկանություն, նրա նկատմամբ կատարվել են և ներկայումս կատարվում են դատավարական գործողություններ:

 

4. Միջադեպից հետո մարմնական վնասվածքներով բուժ. հաստատությունում հայտնված Հրաչիկ Ղորխմազյանի առնչությամբ.

«Թեղուտ» ՓԲ ընկերությունը հաստատում է, որ Հրաչիկ Ղորխմազյանը հանդիսանում է «Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատակից:

 

Եվս մեկ անգամ հավաստում ենք, որ «Վալլեքս» խումբը և նրա ղեկավարությունը միշտ պայքարել և պայքարում են բոլոր տեսակի ապօրինությունների և օրինախախտումների դեմ՝ անկախ դրանց կատարողներից ու դրսևորման եղանակներից: Մենք հետևողական ենք եղել և ապագայում ևս հետևողական ենք լինելու «Վալլեքս» խմբի անվան հետ առնչվող բոլոր իրավախախտումների, զանցանքների ու հանցանքների բազմակողմանի ու օբյեկտիվ լուսաբանման հարցում:

Բոլոր շահագրգիռ անձանց ևս մեկ անգամ հորդորում ենք մինչև իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների ավարտը, հնարավոր մեղավորներին բացահայտելն ու պատասխանատվության ենթարկելը ձեռնպահ մնալ միջադեպի կապակցությամբ անհիմն ու մտացածին հայտարարություններ անելուց:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC